Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեղաբույսեր

Նվիկ արևելյան - Аронник восточный - Arum orientale Bieb

Նվիկ արևելյան - Аронник восточный - Arum orientale Bieb

Հայկական տարանունները - դանիկ, կաճապ, հայոց բանջար, նվիճ, օձաբարձ, օձադանակ

Դեղաբույսի նկարագրությունը: Նվիկազգիների ընտանիքին պատկանող, կոճղեզանման կոճղարմատով, 20-30 սմ բարձրության, բազմամյա, միատուն խոտաբույս է: Ունի նիզակաձև, ամբողջաեզր տերևներ: Ծաղիկները շատ մանր են, բազմաթիվ: Պտղակողրը ծածկված է նարնջակարմիր հատապտուղներով: Բույսը ծաղկում է ապրիլ-մայիս ամիսներին, պտղակալում` ամռանը: Աճում է անտառի ծմակներում, ձորեզրերին, թփուտներում` հաճախ տալով զանգվածային բուսուտներ: Ձմեռում է լավ, լույսի նկատմամբ պահանջկոտ չէ: Մեր հանրապետությունում գլխավորապես հանդիպում է Իջևանի, Դիլիջանի, Ղափանի, Գորիսի, Կիրովականի, Արարատի և այլ շրջաններում, հիմնականում 2 տեսակ, որոնք ունեն բուժական ու սննդային նշանակություն: Նվիկը լայնորեն հայտնի է բնակչությանը:

 

Քիմիական բաղադրությունը: Կոճղարմատում հայտնաբերված են անկայուն գրգռիչ նյութեր, սապոնիններ, ցիանածին գլիկոզիդներ, այդ թվում` արոնին, մինչև 70% օսլա, խեժ, յուղ, ալկալոիդներ և պիգմենտ:

 

Բուժական նշանակությունը: Դեղաբույսը գիտական բժշկության մեջ չի կիրառվում: Ժողովրդական բժշկության և հոմեոպաթիայում օգտագործում են բույսի կոճղարմատը, իսկ որոշ դեպքերում` նաև տերևները և պտուղները: Կոճղարմատը և տերևները հավաքում են գարնանը, հատկապես մայիս ամսին: Տերևները` հյուսելով ավելուկի նման, կախում են չորացնելու հով տեղում` միջանցուկ քամու տակ, իսկ կոճղարմատը` մաքրելով հողից և կեղևներից, լվանում են ջրով, կտրատում, շարում թելին ու չորացնում արևի տակ: Թարմ վիճակում ամբողջ բույսը թունավոր է:

 

Նվիկը ժողովրդական բժշկության մեջ ունի կիրառման հին պատմության: Այսպես, Չինաստանում դեղաբույսն օգտագործում են ընկնավորության, կաթվածահարության և ուղեղի մի շարք այլ հիվանդությունների ժամանակ:

 

 

Իտալիայում կոճղարմատն օգտագործում են պոդագրայի և ռևմատիզմի, Չեխոսլովակիայում` ստամոքսաաղիքային տրակտի խանագրումների և որպես խուխամուղ` շնչուղիների սուր և քրոնիկական մի շարք հիվանդությունների ժամանակ: Բուլղարիայում, ժողովրդական բժշկության մեջ դեղաբույսը օգտագործում են ձայնալարերի բորբոքման և ձայնի խռպոտման, քրոնիկական բրոնխիտների և հազի, բարձր թթվությամբ ընթացող քրոնիկական գաստրիտների, ստամոքսաաղիքային խիթերի,

 

երիկամաքարային հիվանդության, թութքի և լյարդի ախտահարումների ժամանակ:

 

Ավիցեննան բուսահյութն օգտագործել է կաթիլների ձևով ականջի հիվանդությունների ժամանակ: Ղ. Ալիշանի մեջբերումով, Հին Բժշկարանի տվյալներով, եթե նվիկը եփվի և կծվությունն անցնի, օգտագար է կրծքացավին, լուծին, հազին, սալջարդին, իսկ եթե մեղրի հետ խառնվի, քսման ձևով օգտակար է քոսին և պեպեններին: Ասար սարկավագի ասելով (ցիտ. ըստ Կ. Գաբիկյանի) դեղաբույսն օգուտ է հազին և ջրգողությանը, մեղրի հետ շաղախված` բուժում է մաշկի խոցը:

 

 

Հարուստ և փորձաշատ տվյալներով է խոսում նվիկի մասին Ամիրդովլաթը: «Լուֆ», «մարմահուզ» և «նվիկ» անունների տակ մեծ բժշկապետը նշում է, որ բույսի կոճղարմատը ծեծված և քացախի հետ խառնված վիճակում` քսման ձևով, օգնում է պիսակին, իսկ մեղրի հետ խառնված վիճակում` վերացնում է պեպենները: Ընդհանրապես արմատը, Ամիրդովլաթի տվյալներով, վերացնում է արյունային լուծը, նքոցները, հազը և խուխարտադրությունը, առաջ բերում վիժում, ուժեղացնում մերձավորությունը, բուժում թութքը, մաշկային այրոցներն ու մկանացավերը, դուրս բերում ճիճվին: Եթե արմատով օծվի մարմինը` օձը չի խայթի: Իսկ եթե ամբողջ բուսահյութը քսվի մազերին և գլխին, կդադարեն գլխացավերը, կփափկեն մազերը: Խառնելով գինուն, վերջինս խմելուց շուտ կհարբեցնի: Բույսի պտուղը քացախով խմելուց, առաջ կբերի վիժում, իսկ հունդը օգտակար է ասթմային, թոքերի բորբոքումներին, խուխարտադրությանը, դադարեցնում է փսխումը, ուժեղացնում ստամոքսի գործունեությունը, քայքայում ուռուցքները, մաքրում խոցերը: Երկարատև չբուժվող խոցերի վրա առաջարկվում է դնել նաև բույսի տերևը: Հոմեոպաթիայում դեղաբույսն օգտագործվում է բերանի լորձաթաղանթի և նյարդային որոշ հիվանդությունների դեպքում:

 

Մենք նվիկի չորացրած տերևներն օգտագործել ենք քրոնիկական ընտելացված փորկապությունների ժամանակ: Բուժման ընթացքում պարզվել է տապակած տերևների և դրանց եփուկի արտահայտված լեղամուղ և ստամոքսի հյութազատությունը դրդող հատկությունները: Այդ պատճառով նվիկը մենք առաջարկել ենք լեղապարկի դիսկինեզիաների և թերսեկրետոր բնույթի քրոնիկական գաստրիտների ժամանակ: Մեր տվյալներով, ակտիվացնելով աղիների գալարակծկումները, դեղաբույսն ունի նաև արտահայտված փքահան հատկություն:

 

 

Կիրառման եղանակները: Կոճղարմատից ջրաթուրմ պատրաստելու համար 1 թեյի գդալ ալրացրած հումքը 8 ժամ թրմում են 1 բաժակ սառը ջրում, ապա քամում ու ըմպում 1 օրվա ընթացքում 4 անգամ: Չորացրած տերևները (100 գ) 500 մլ ջրի մեջ թեթևակի եռացնելուց հետո ջուրը թափում են, ապա նորից լցնում նույն քանակությամբ ջուր և մարմանդ կրակի վրա եփում մինչև հումքը խաշվելը: Վերջինիս քամում են, համեմում, տապակում յուղով և ընդունում միանվագ, իսկ եփուկն ըմպում են 1-ական ճաշի գդալ` օրական 3 անգամ, 2 շաբաթ տևողությամբ:

 

Այլ օգտակար հատկանիշները: Նվիկն ունի բարձր սննդային արժեք: Բնակչության լայն խավերի կողմից այն օգտագործվում է ավելուկի նման: Արմատը եփելիս վերանում է նրա թունավոր հատկությունը, նրանից կարելի է ստանալ նուրբ օսլա, որը պիտանի է խոհարարական պրակտիկայում: Բույսն ունի որոշակի դեկորատիվ նշանակություն:

Հեղինակ. Ա. Թորոսյան
Աղբյուր. Հայաստանի դեղաբույսերը
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ